Friday, April 26, 2013

Հենրիկ Էդոյան` մտքերի վերլուծում


Իմ համար իրոք շատ հետաքրքիր էր ընթերցել և փորձել հասկանալ Հենրիկ Էդոյանի մտքերը: Կային մտքեր, որոնք ես ընկալեցի և հասկացա, և կային այնպիսիները, որոնք ես ի վիճակի չէի հասկանալ: Եվ իրոք, այդ մտքերը կարող է առաջին հայացքից անհասկանալի թվան, նույնիսկ տարօրինակ, սակայն պետք է դրանք փոխաբերական իմաստով հասկանալ: Այսպիսով ես ընտրեցի ինձ առավել դուր եկած երեք մտքերը և փորձեցի դրանք վերլուծել: Ահա արդյունքը`
                                     
1.      «Նրանք համբուրվում էին փողոցում, բոլորի առաջ: Մարդիկ անցնում էին անտարբեր, երազը փակել էր նրանց աչքերը»:
Կարծում եմ, որ երազ ասվածը տվյալ պարագայում նշանակում է նախանձ: Մարդիկ տեսնում են երկու երջանիկ մարդու և դա նրանց մոտ առաջացնում է նախանձ, ստիպում է աչքերը փակել, շրջանցել և անցնել այդ մարդկանց: Մեր մոխրագույն կյանքում, երկու երջանիկ մարդիկ նման են մեկ այլ աշխարհից եկած արարածների` նրանցից խուսափում են:
2.      «Ով ազատ է` ուժեղ է, ով ուժեղ է` ազատ չի»:
Ինչ-որ չափող համաձայն եմ այս մտքի հետ, ինչ-որ չափով` ոչ: Ինչու՞ ոչ: Քանի որ եթե մարդ ազատ է, նշանակում է նա ձեռք է քաշել կյանքի դժվարություններից, բարդություններից, հիասթափություններից: Կարծում եմ, որ ով ազատ է, նա թույլ է: Իհարկե մյուս կողմից, եթե մարդ ազատ է, նշանակում է նա կարողացել, կամ կարողանում է հաղթահարել կյանքի դժվարությունները և պայքարում է ազատության համար: Այս դեպքում դա ուժեղ մարդ է: Այսպիսով կարծում եմ, որ տվյալ մտքի առաջին մասը ունի երկկողմանի իմաստ` ամեն մեկը կհասկանա իր ձևով:

3.      «Ամեն ինչ պատկեր է, բացի քեզանից: Որպեսզի նրանք խոսեն` ինքդ պատկեր դարձիր»:
Կարծում եմ, որ այստեղ խոսվում է նրա մասին, որ եթե ուզում ես ինչ-որ բանի էությունը հասկանալ, պետք է այդ բանի պես փորձես մտածել, քեզ այդ բանի տեղում պատկերացնես: Տվյալ դեպքում պատկեր ասվածը հարաբերական է` դա կարող է լինել ապրող մարդ, ինչ-որ կենդանի, և ինչու ոչ, նաև անշունչ առարկա` դա էական չի: Պարզապես պետք է դրա կաշվի մեջ մտնես, փորձես մտածել դրա նման, փորձես հասկանալ այդ բանի էությունը, հոգեբանությունը և այդ բանը ընդհանրապես:


Այսպիսով ես հասկացա, որ պրն. Էդոյանի մտքերը հասկանալու համար պետք է ոչ ստանդարտ, փոխաբերական ձևով մտածել: Պետք է մտնել այդ վիճակի մեջ, զգալ այն սեփական կաշվի վրա: Ես ենթադրություն արեցի, որ Հենրիկ Էդոյանը` ունենալով ոչ ստանդարտ և կանոնավոր գրելու ոճ, իրոք տաղանդավոր գրող է և ծանկացած իրեն զարգացած համարող` և ոչ միայն, մարդու համար ցանկալի է ծանոթանա նրա գրականության հետ: